Ի՞նչ ալկոհոլային խմիչքներ արժե փորձել Հայաստանում
Հայերը հայտնի են իրենց հյուրընկալությամբ ու կենսուրախությամբ: Հարգում են ավանդույթները, կարևորագույն նշանակություն տալիս ընտանիքին ու քրիստոնեական հավատքին: Բազմազան բնական հարստություններից բացի` հեքիաթային երկիր Հայաստանը հարուստ է նաև իր ըմպելիքներով:
Հայկական համեղ խոհանոցի ու ըմպելիքների հետ ծանոթությունը Հայաստանի ու այստեղ ապրող մարդկանց մասին պատկերացում կազմելու լավագույն տարբերակներից մեկն է:
Եթե գուրման եք, սիրում եք փորձել նոր ու համեղ ուտեստներ ու խմիչքներ, կամ էլ լուսանկարիչ, ով նոր թեմաներ ու կադրեր է փնտրում իր գործերի համար, ապա անպայման պետք է այցելեք Հայաստան: Այստեղ մարդկանց ապշեցուցիչ սիրալիրության, բնության գեղեցկությունների հետ մեկտեղ Ձեզ համար կբացահայտեք ունիկալ ըմպելիքներ, որոնցից կանդրադառնանք ալկոհոլային խմիչքներին:
Ի՞նչ խմիչքներ պետք է փորձել Հայաստանում
Հայկական գինի
Պատմականորեն ապացուցված է, որ գինեգործությունը Հայաստանում ավելի քան 4 հազար տարվա պատմություն ունի: Այսօր Արարատյան դաշտում մշակվում է խաղողի ավելի քան 600 տեսակ, իսկ գինեգործությունը դարձել է ազգային մշակույթի մաս:
Տարատեսակ մրգային ոգելից խմիչքների պատրաստմանը նպաստում են նաև Հայաստանի կլիմայական պայմանները: Տարվա ընթացքում ավելի քան 300 արևառատ օրերի առկայությունը յուրահատուկ համ է տալիս հայկական խաղողին ու մրգերին, ինչն էլ իր հերթին գինին դարձնում է նրբահամ ու անկրկնելի:
Հայկական կոնյակ
Հայաստանում արտադրվող ալկոհոլային խմիչքների մասին խոսելիս անհնար է չհիշատակել հայկական կոնյակը: Մեր երկրում կոնյակագործության ավանդույթները սկիզբ են առել դեռևս 1887 թ., իսկ ‹‹Արարատը›› դարձել է բրենդ ու Հայաստանի այցեքարտերից մեկը:
Տնական օղի
Հայաստան այցելելիս անպայման պետք է փորձել նաև տնային պայմաններում պատրաստված թունդ մրգային օղիներից: Դրանցից առավել հայտնի է թթի օղին, որի թնդությունը 40-80 % է կազմում: Յուրահատուկ համով է առանձնանում նաև Արարատյան դաշտի կենարար արևի ճառագայթներից սնված ծիրանի օղին:
Դե ուրեմն, Հայաստանից հեռանալուց առաջ անպայման փորձեք այս խմիչքներից որևէ մեկը կամ գնեք մեկ շիշ Ձեր ընկերներին նույնպես հյուրասիրելու համար: Բարի ժամանց: